Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը իր խոսքում կարևորել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով, ինչը մեծ կինոռեժիսորի` համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մասը հանդիսանալու հերթական վկայությունն է։ Անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը` ՀՀ դեսպանն ընդգծել է վերջինիս կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և վերջինիս ղեկավար Մարի Առաքելովային, ինչպես նաև Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանին։
