Ալեն Սիմոնյանը թիմի հետ խնդիր չունի․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Հայաստանում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի:

Վերջինս ինքն իրեն համարում է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից։

Ալեքսանյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, կալանավորել, իսկ էկոնոմիկայի փոխնախարարին՝ ոչ։

«Կարող եմ ասել, որ պետք է սպասել, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունները։ Չեմ կարող մեկնաբանել դատարանների որոշումները, թե ինչու մեկին՝ կալանք, մյուսին՝ ոչ։ Ինչպես այլ դատարանների որոշումները չեմ կարող մեկնաբանել մի շարք ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, թե ինչու մեկին կալանավորեցին, մյուսին՝ ոչ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա ընդհանրապես հեռացվի թիմից և ԱԺ նախագահի պաշտոնից, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Հերքում եմ ամբողջությամբ այդ լուրը։ Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, չի համապատասխանում իրականությանը»։

Կիսվել սոց․ ցանցերում