Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի բոլոր հայտարարություններին։
Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին։
Սենատորի կարծիքով Հայաստան-Ռուսաստան առճակատման համատեքստում Հայաստանը կդառնա աշխարհաքաղաքական շահարկման առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։
«Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը Lenta.Ru-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ նույն լեզվով չի խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։
«Մենք ժողովրդավարական երկիր ենք և ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց: Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի և Հայաստանի մի մասի խաղաղությանը։ Ռուսաստանը խաղաղապահներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն մենք ականատես եղանք բազմաթիվ հարձակումների Հայաստանի սահմանի վրա: Չենք կարող ասել, որ գոհացուցիչ արձագանք ենք ստացել մեր դաշնակիցներից։ Այսպիսով, անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք խնդրեցինք, որ Եվրամիությունը գա ու մշտադիտարկի իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունն ու զարգացումը ժողովրդավարական ճանապարհով և ինստիտուտներով, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել էր նա:
