Հնդկաստանը ոչ մի երկրի չի թիրախավորում, ուղղակի օգնում է ընկերոջը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հաճախ է խոսվում հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին: Հայաստանի թշնամիները ձգտում են թուլացնել նաեւ Հնդկաստանը: Հնդկական մամուլի ուշադրության կենտրոնում նորից Հարավային Կովկասն է: Նշվում է, որ Նյու-Դելին կարող է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Երեւան` Անկարային եւ Բաքվին ցույց տալու, որ Հնդկաստանը հետաքրքրված է տարածաշրջանի անվտանգությամբ: Մոդիի կառավարությունը հավասարապես է կարեւորում արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը, եւ պատահական չէ, որ շահերը հասնում են նաեւ այս տարածաշրջան: Պատճառներից մեկն էլ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան էր: Միջազգայնագետ Ռանանջայ Անանդը «Կենտրոն » հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է. «Հայաստանի հարեւանը ցույց տվեց, որ սա այլեւս Լեռնային Ղարաբաղի կռիվը չէ, խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, քանի որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին: Հնդկաստանը գիտի, որ դա կարող է կապել երեք եղբայրներին` Ադրբեջանին, Թուրքիային եւ Պակիստանին: Այս կապը կարող է սպառնալ նաեւ Չաբահարի նավահանգստին, այսինքն`Հնդկաստանի անվտանգությանը: Դելին պետք է անի հնարավորը` կանգնեցնելու երեք եղբայրներին, եւ դրա համար Հայաստանը կարեւոր գործընկեր է»: Հնդկաստանի ռազմական փորձագետները խոսում են թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ Հայաստանին ոչ միայն զինելու, այլեւ վերապատրաստելու մասին: Նախադեպեր եղել են: «Հնդկաստանն ավանդույթ ունի մարզել բարեկամ երկրների զինված ուժերը: Բազմիցս ինքս եմ հայտարարել, որ, բացի մարզումներից, նաեւ համատեղ զորավարժություններ են պետք: Հնդկաստանի զինված ուժերը պատրաստված են եւ փորձառու, կոփված են մարտերում, հատկապես`լեռնային հատվածներում: Մեր բանակը մշտապես ներգրավված է եղել ագրեսորների դեմ պայքարում, մարզել է նաեւ Աֆղանստանի մարզիկներին, չեմ զարմանա, եթե նույնը տեղի ունենա նաեւ Հայաստանում »,- ասում է հնդիկ միջազգայնագետը: Հնդկաստանը Հայաստանին արդեն իսկ առաջարկել է ռազմական շոշափելի աջակցություն: Երեւանը պատվիրել է հրթիռային համակարգեր, հրետանային միջոցներ, զենքի վաճառքի գործարքներն արդեն կատարված են: Ինչո?ւ է Հնդկաստանը սեփական արտադրության զենքերն առաջինն արտահանում Հայաստան: «Սա հրատապ անհրաժեշտություն է: Հայաստանի զենքի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է, որը հիմա զբաղված է ուկրաինական հարցով: Ադրբեջանական վերջին ագրեսիան ցույց տվեց, որ օգնությունն ուշանում է: Հայաստանը պետք է ունենա ժամանակակից զենքեր` նախ ինքն իրեն պաշտպանելու համար: Զենքերն էլ պետք է վստահելի եւ մատչելի լինեն: Հնդկաստանն այս սցենարում ամենահարմարն է. առաջարկում է զենք, որը փորձարկվել է էֆեկտիվորեն: Հրթիռային համակարգն իրեն արդարացրել է մարտի դաշտում: Հայաստանը զենքի առաջին գնորդն է, որովհետեւ դրա կարիքն ամենաշատն ունի: Մոդիի իշխանության առաջնահերթությունն է`զարկ տալ տեղական արտադրությանը »,- նշում է Անանդը: 2025թ. Նյու-Դելին հինգ միլիարդ դոլարի զենք կարտահանի, իսկ ի?նչ քայլերի կդիմի ադրբեջանական նոր էսկալացիայի դեպքում: «Միշտ սուր կա կախված Հայաստանի գլխին: Ինչ կարող է անել ժամանակակից Հնդկաստանը`արդեն անում է`մատակարարելով ժամանակակից զենքեր: 44-օրյայի ժամանակ էլ Հնդկաստանը զենք մատակարարեց, այլ հարց է, որ դա տեղ չհասավ: Հնդկաստանը ոչ մի երկրի չի թիրախավորում, ուղղակի օգնում է ընկերոջը »,- ասում է Անանդը: Ադրբեջանում Հայաստանի` զենք գնելը ծանր են տանում, հայտարարում են, որ Հայաստանը պատրաստվում է ժամանակակից զենք գնել եւ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ըստ Անանդի` «Ադրբեջանը երեք եղբայրներից մեկն է: Եղբայրներից մեկը պատմած կլինի հաստատ, թե ինչ հզորություն ունեն հնդկական զենքերը: Դրանց նրանք բախվել են Կարգիլի պատերազմում: Եթե նման մտահոգություններ են հնչում, նշանակում է, որ բարդ իրավիճակ է իրենց համար »: Իսկ առաջիկայում, ըստ մասնագետների, հայ-հնդկական համագործակցության բարդ փուլ է սպասվում:
Բшքվпւմ լավ գիտեն հնդկական զենքի ուժը. պետք են համատեղ զորավարժություններ
