Վրաստանում դժգոհ են ԵՄ-ի կողմից երկրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին բանաձևից

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը միջամտություն է Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին հօգուտ ընդդիմության։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Եվրախորհրդարանի անդամները պաշտպանել են մի բանաձև, որը կոչ է անում սառեցնել ԵՄ ֆինանսավորումը Վրաստանին, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր, ըստ եվրոպացի պաշտոնյաների, «խաթարում են ժողովրդավարությունը» երկրում, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր, Բիձինա Իվանիշվիլին:

Փաստաթղթում քննադատություն կա նաև օտարերկրյա գործակալների մասին Վրաստանում ընդունված օրենքների և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ։

«Բացի այն, որ սա  միջամտություն է երկրի ներքին գործերին, նաև փորձ է ազդել ընտրությունների վրա՝ հօգուտ Ազգային շարժման և դրա հիմնադիր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի»,- ասել է Մդինարաձեն։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ եվրոպացի պատգամավորները Վրաստանի իշխանություններից պահանջում են չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

«Եթե ասում են, որ աջակցում են վրաց ժողովրդին, ապա ինչո՞ւ են ուզում, որ ԼԳԲՏ քարոզչությունը լինի դպրոցներում և հեռուստատեսությամբ:»,- ընդգծել է Մդինարաձեն։

Նրա խոսքով, բանաձևը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։

«Սա նշանակում է, որ տնտեսապես Վրաստանը, բոլոր հաշվարկներով, առնվազն երկու անգամ ավելի վատ վիճակում կլիներ, քան համաճարակի ժամանակ էր», — եզրափակել է նա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը ճանաչվում է հաղթող և վարչապետի թեկնածու կներկայացնի խորհրդարանին, որն էլ իր հերթին կներկայացնի իր կաբինետը։

Եթե ընդդիմությունն ունենա ընդհանուր առմամբ խորհրդարանում մանդատների ավելի քան 50 տոկոսը, ապա այն կկարողանա ազդել կառավարության ձևավորման վրա:

Կիսվել սոց․ ցանցերում