Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Վանաձորում գազալցակայանի պայթյունի դեպքից՝ նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել:
«2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։
Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։
Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:
Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություն-ներ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն: Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշել է Աբրահամյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Պայթյուն-հրդեհի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով:
