Աշխատանքից ազատված վարորդներից ոմանց հնարավոր է վերականգնեն

Բողոքի ակցիա իրականացրած ավտոբուսների վարորդների նկատմամբ դատախազությունում վարույթ է սկսվել: «Օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել քաղաքապետարանի ներկայացրած հաղորդմանը»,- մեզ հայտնեցին դատախազությունից: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, թե հաղորդում են ներկայացրել դատախազություն: Հիմքում վարորդների՝ աշխատանքային ժամին իրականացրած գործադուլն է եւ այն, որ երկու շաբաթ առաջ չեն զգուշացրել գործադուլ անելու մտադրության մասին: Վարորդները հայտարարում էին, որ խախտված են իրենց իրավունքները, նշում էին, որ նույնիսկ զուգարան չունեն, որ կենցաղային հարցերը լուծված չեն, ամեն օր կռիվների մեջ են հայտնվում ուղեւորների հետ՝ 100 դրամանոց չունենալու եւ ուղեվարձը չվճարելու պատճառով, որ իրենց խոստացել են աշխատավարձեր բարձրացնել եւ չեն արել։ Հենց գործադուլի ընթացքում քաղաքապետարանն անցավ պատժիչ գործողությունների։ Սկզբում աշխատանքից ազատվեց 18 վարորդ, օրվա ավարտին թիվը հասավ 32-ի։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կոմպրոմիսի չեն գնալու, շանտաժի չեն տրվելու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։Փողոցից բողոքի ցույցերով իշխանության եկած չինովնիկները, փաստորեն, հիմա չեն կարողանում հանդուրժել բողոքի ակցիաները։ Ավինյանն էլ, շեֆի օրինակով, վարորդներին աշխատանքից ազատելու մասին SMS-ով է ավետել։ Նաեւ ասել է. «Եթե պետք լինի, անձնապես ավտոմեքենաներով կգնանք, մարդկանց էլ կոչ կանենք՝ կանգառներից մարդկանց տեղափոխել էս ծանր ժամանակում»: Երեկ տեղեկացանք, որ քաղաքապետարանն աղբատար մեքենաների վարորդներին է նստեցրել ավտոբուսների ղեկին, եւ հիմա վարորդներ են փնտրում` «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող՝ շարժակազմերը համալրելու համար։

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը մեր հարցին՝ աղբահանության աշխատակիցնե՞րն են երեկ վարել ավտոբուսները, պատասխանեց, որ տեղյակ չէ, ապա ենթադրեց` եթե ինքը տեղյակ չէ, ապա նման բան չի եղել։ «Հիմա ամեն ինչ նորմալ է, վարորդներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն, մենք լուծումներ կառաջարկենք, կքննարկենք»: Ասաց, որ աշխատանքից ազատված 32 վարորդներին արդեն փոխարինող գտել են, բայց հնարավոր է ազատվածներին հետ ընդունեն։

«Քննարկման փուլում է, հնարավոր է որոշները հետ վերադառնան աշխատանքի»։ Վարորդները բարձրաձայնել էին զուգարան չունենալու հարցը, տնօրենն ասում է՝ հարցն իրենց տեսադաշտում է։ «Վաղուց ենք զբաղվում այդ հարցերով, իրենց հետ էլ քննարկել ենք»: Վարորդները հայտարարել էին, թե իրենք են մաքրում ավտոբուսները։ «Նման բան չկա, մենք ունենք մաքրուհիներ, ավտոլվացման կետ, վարորդը չի մաքրում»։

Յուրաքանչյուր վարորդ ամսական 14 օր է աշխատում, բայց՝ օրական 14 ժամ։ «Աշխատանքային ժամը՝ 7-ից երեկոյան 9-ը, հավելյալ աշխատելու դեպքում արտաժամ է ձեւավորվում։ Վարորդների աշխատանքն Աշխատանքային օրենսգրքով 12 ժամ է, 2 ժամ հանգիստ, ստացվում է 14 ժամ»։ Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ վարորդները մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Փաստացի, վարորդն աշխատում է 14 օր, օրական 14 աշխատանքային ժամ, այսինքն՝ 1 ժամի համար մոտ 2 հազար դրամ է ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/89e571b70a68ee4158fab58d7092c487?fbclid=IwY2xjawG-LQRleHRuA2FlbQIxMQABHchqtN4f8brV8F6pbM59pdqtvhPx7GqmQbyhGKpX8yZQqKFBRW5eUEhdMQ_aem_j9CJbZ1MTZEf9UFis32LGg

 

Կիսվել սոց․ ցանցերում