Ով է փոխարինելու Թրյпւդոյին. Կանադայի նոր վարչապետը հայտնի է

Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար։ Նա կդառնա երկրի նոր վարչապետը։

«Ներկայացնում ենք մեր նոր լիբերալ առաջնորդ Մարկ Քարնիին»,- «X»-ի  միկրոբլոգում հայտնել է Կանադայի Լիբերալ կուսակցությունը։

Քարնին լիբերալների ղեկավարության միակ թեկնածուն էր, որը վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Նա հաղթել է ձայների 85,9%-ով։ Ընտրություններին մասնակցել է Լիբերալ կուսակցության մոտ 150 հազար անդամ։

Ջասթին Թրյուդոն, ով Կանադայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից, հունվարի սկզբին հայտարարեց պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։

Մարկ Քարնին վարչապետի պաշտոնը կստանձնի այն բանից հետո, երբ Թրյուդոն իր հրաժարականը ներկայացնի Կանադայի գլխավոր նահանգապետին:

Քարնին 59 տարեկան է, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտ, տնտեսագիտության դոկտորի կոչում ունի։

Նա զբաղեցրել է Կանադայի բանկի ղեկավարի պաշտոնը 2008-2013 թվականներին: Հաջորդ յոթ տարիներին նա նաև զբաղեցրել է Անգլիայի բանկի կառավարչի պաշտոնը։ Նա աշխատել է որպես Ջասթին Թրյուդոյի տնտեսական խորհրդական։

Նախընտրական բանավեճերի ժամանակ նա հայտարարել է միջին խավի համար հարկերը նվազեցնելու, պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի և ավելի մեծացնելու իր մտադրության մասին և խոստացել մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ դոլարի դիմաց:

«Կանադան, միավորվելով, կապաքինվի ցնցումից։ Ես ձեզ խոստանում եմ, որ միասին  կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը: Կանադան երբեք, ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը»,-ասել է Քարնին իր աջակիցների առջև ունեցած ելույթում:

Կիսվել սոց․ ցանցերում