Լուիզա Մչեդիշվիլի, OC Media
Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Չեչնիայի առողջապահության նախկին նախարար Էլխան Սուլեյմանովը «անհետացել է» Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին բժշկական ներարկումներից հետո։
Սուլեյմանովը նախկինում զբաղեցրել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնը՝ մինչև 2022-ի հոկտեմբերին նրա ենթադրյալ անհետացումը։
VChK-OGPU տելեգրամյան ալիքը պնդում է, որ Ռուսաստանում քաղաքական հետաքննություններ է իրականացնում, կիրակի և չորեքշաբթի հրապարակել է Սուլեյմանովի «անհետացման» մասին հաղորդագրություններ՝ պնդելով և բացատրելով Կադիրովի արտաքինի փոփոխությունը, ինչը հանգեցրել էր ասեկոսեների նրա հիվանդության և նույնիսկ մոտալուտ մահվան մասին:
Տելեգրամյան ալիքը նշել է, որ «իրավիճակին ծանոթ» մի քանի աղբյուրներ ենթադրում են, որ 2022-ի հոկտեմբերին Սուլեյմանովի անհետացումը կապված է Կադիրովի առողջական վիճակի արագ վատթարացման հետ, որը, ըստ տեղեկությունների, սկսվել է մոտավորապես նույն ժամանակ։
«Երբ Կադիրովի առողջական վիճակը կտրուկ և անսպասելիորեն սկսեց վատթարանալ, Չեչնիայի ղեկավարի շրջապատում սկսել են վստահեցնել նրան, որ նա թունավորման զոհ է դարձել։ Կադիրովը հավատացել է այդ վարկածին և իր ցասումը թափել Սուլեյմանովի վրա»,- պնդում է ալիքը։
Տելեգրամյան ալիքի աղբյուրների համաձայն՝ Սուլեյմանովը «որոշ ներարկումներ» է արել Կադիրովին, ինչը վերջինիս մոտ կասկածներ է առաջացրել։
2022-ի հոկտեմբերին պաշտոնապես հաղորդվեց, որ Սուլեյմանովը հրաժարական է տվել փոխվարչապետի պաշտոնից։ Տելեգրամյան ալիքը, սակայն, նշում է, որ պաշտոնյան հեռացվել է պաշտոնից։
Ալիքը նաև պնդում է, որ 2022-ի հոկտեմբերից ի վեր Սուլեյմանովի մտերիմներից կամ գործընկերներից որևէ մեկը, «որոնց հետ նա նախկինում մշտական կապի մեջ է եղել», նրան չի տեսել: Ըստ ալիքի՝ Սուլեյմանովի ինստագրամյան օգտահաշվում հրապարակումներ չեն եղել 2022-ի հոկտեմբերից՝ չնայած նա նախկինում համեմատաբար ակտիվ էր:
Ըստ ալիքի՝ լուրեր են պտտվում, որ Սուլեյմանովին սպանել են և, հնարավոր է, նույնիսկ ողջ-ողջ թաղել:
«Եթե Կադիրովը կասկածներ ունի, որ Սուլեյմանովը փորձել է թունավորել իրեն, դժվար թե նրան կենդանի տեսնենք։ Եթե այլ բան լիներ, ապա նա կարող է գերության մեջ լիներ, և նրան ցույց կտային տեսախցիկների առջև»,- տելեգրամյան ալիքը մեջբերում է իր աղբյուրը։
Հաղորդվում է, որ վիրաբուժության և ուռուցքաբանության ոլորտում մասնագիտացած բժիշկ Էլխան Սուլեյմանովը Կադիրովների ընտանիքի անձնական բժիշկն էր 2014-ից:
Վերջին ամիսներին Ռամզան Կադիրովի կադրերում երևում է, որ նա ուռած դեմքով է, չի կարողանում ամբողջությամբ բացել աչքերը, ինչի պատճառով լուրեր են տարածվել, որ Չեչնիայի ղեկավարը ծանր հիվանդ է:
Ոմանք, այդ թվում՝ Չեչնիայի վտարանդի նախկին փոխվարչապետ Ահմադ Զակաևը, պնդում են, որ Կադիրովը երիկամային անբավարարություն ունի թմրամիջոցների չարաշահման հետևանքով։ Կան նաև ենթադրություններ, որ Չեչնիայի ղեկավարը թունավորվել է:
Այսպիսի խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ Կադիրովը, որը սովորաբար մասնակցում էր ռուսական պետական միջոցառումներին, չմասնակցեց փետրվարի 21-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնային ուղերձի միջոցառմանը: Մարտի 3-ին Պուտինը հանդիպեց Կադիրովի ավագ որդու՝ 17-ամյա Ախմաթ Կադիրովի հետ, որին ուղեկցում էր ՌԴ նախագահի՝ կլիմայի հարցերով խորհրդական Ռուսլան Էդելգերիևը, այլ ոչ թե ինքը՝ Չեչնիայի ղեկավարը։
