Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան՝ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա մահացու հարվածից հետո հաշվեհարդարի մտավախության պատճառով։ Տեղեկությունը AFP-ին հաստատել է հյուպատոսության խոսնակը, փոխանցում է Turkish Minute-ը։ «Թուրքիայում մնացած բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան»,- հայտարարել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը։ «Ես կարող եմ հաստատել, որ Ազգային անվտանգության խորհրդի՝ Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև 4-րդ՝ ամենաբարձր մակարդակի»,- լրատվամիջոցին ասել է հյուպատոսության խոսնակը։ Իսրայելն ու պաղեստինցիները միմյանց մեղադրում են Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի համար, որը տարածաշրջանում բողոքի ալիք է բարձրացրել Իսրայելի դեմ։ Նախօրեին հազարավոր մարդիկ միացել էին Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև թուրքական այլ քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցերին՝ դատապարտելու հարձակումը: Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Իսրայելին «կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին պատսպարող հիվանդանոցին հարվածելու» համար և կոչ արել աշխարհին՝ դադարեցնել Գազայի ողբերգությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/701763.html?fbclid=IwAR2jmGN0IyH180USDgiFkkgqEQ3QeIyJPkyQpbm_HNx7mZxugYvmT0PumnU
© factor.am
