Մամ, լիքը կոնֆետ առ, քանի բլոկադան ստեղ էլ չի հասել:
Ստեփանակերտից Հայաստան հասնելուց հետո սա եղել է ԼՂ-ից բռնի տեղահանված Վիկտորի ու քույրիկի առաջին խնդրանքը:
Տղան պատմում է՝ սեպտեմբերին, երբ սկսեցին կրակել, լավ էր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց 3 տարեկան քույրիկին անընդհատ ասել է՝ աշուն է, կայծակ է դրսում: Այսօր արդեն կայծակն իրական է, կոնֆետն էլ երբ ուզեն, կգնեն:
Վիկտորի համար օրը տոնական էր. երազանքներից մեկը գտավ Գյումրիում. դաշնակահար տղային Գյումրու քաղաքապետարանը դաշնամուր նվիրեց:
Բոլորիս կոնֆետ ու շամպայն է հյուրասիրում, նաև տեղեկացնում՝ հիմա արդեն հստակ որոշել է՝ երաժիշտ-բժիշկ է դառնալու: Խոստանում է Գյումրու Տիգրանյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի փայլող սաներից մեկը լինել:
Գյումրիում ապաստան գտած հաջորդ երաժիշտը Միքայել Համբարձումովն է: Տղան արդեն սովորում է Օյունջյան բարեգործական հիմնադրամի Վարդուհի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Երկու գործիքի է տիրապետում՝ դաշնամուր և ակորդեոն:
«Որ Ստեփանակերտից դուրս էինք գալիս, առաջինը ակորդեոնս վերցրի, ուրիշ բան չեկավ աչքիս»,- ասում է Միքայելը:
Գյումրիում միայն դաշնամուրի է հաճախում. ակորդեոնը հոգու ընկերն է: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանին տղան տեղեկացնում է՝ դեռ հստակ չէ, բայց դաշնակահար դառնալու որոշում ունի:
Մայրն ու քույրերը ևս երաժիշտներ են. նվեր ստացած դաշնամուրն ընտանիքն անգնահատելի մեծ օգնություն է համարում:
Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:
Իր նվեր գործիքին վաղ առավոտից անհամբեր սպասել, ներսուդուրս անելով րոպեներն են հաշվել Աշոտն ու պապը: Ստեփանակերտից Շիրակի մարզ հասած Մաթևոսյանները բնակարան են գտել Ախուրյան համայնքում:
Տղան հաճախում է Գյումրու Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց: Դաշնամուրային բաժնի 6-րդ դասարանում է սովորում: Ուրախ է, որ տանն արդեն գործիք ունի, երբ ցանկանա կկարողանա նվագել ու սովորել:
Հերթը հենց հասավ խոստումներին՝ աղջիկը վստահ ասում է՝ շատ կպարապի, նաև ուրախ է, որ իր սեփական ջութակն ունեցավ: Վերջապես տանը երբ ցանկանա, կկարողանա և՛ ուսուցչի հանձնարարությունները կատարել, և՛ իր կամեցածը նվագել ու փորձել:

Այս բոլոր երաժշտական գործիքները ձեռք են բերվել Գյումրիում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգի հասույթից գոյացած գումարով, որի մասին «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ էր պատմել:
«Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն հնարավոր է եղել գնել 3 դաշնամուր և մեկ ջութակ: Ընդհանուր՝ 4 երաժշտական գործիք: Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցներում այս պահին սովորում է 7 աշակերտ: Մյուս երեխաները գործիքի կարիք չունեն. դրանք կա՛մ առկա են իրենց վարձակալած բնակարաններում, կա՛մ բարեկամներն են նվիրել»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Բոլոր գործիքները գնվել են մասնագետների օգնությամբ: Դաշնամուրների հարցում երաժշտագետ Վարդգես Ադամյանն է աջակցել, երաշխավորել գնվող գործիքի որակը, իսկ ջութակն օգնել է գնել Սպարտակ Պետրոսյանը:
Գործիքները երեխաներին սեփականության իրավունքով են տրվել: Միակ պարտավորությունը լավ սովորելն է:
Թովմասյանն ասում է՝ Գյումրիում գտնվող յուրաքանչյուր երեխա պետք է իմանա՝ եթե ունի սովորելու ցանկություն, ոչ մի խնդրի չի հանդիպի, կարևորը նպատակի հետևից գնալն է:
