Առանց տողատակերի

«Ես ՀՀ-ն հաճախ համեմատում եմ Վրաստանի հետ, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչու վրացական հասարակությունը, չնայած Արեւմուտքի հսկայական աշխատանքին, այս տարիների ընթացքում չշեղվեց ռուսական գծից, չգնաց Մերձբալթյան երկրների ճանապարհով, ընդհակառակը, մտածում է ռուս-վրացական հարաբերությունների վերաիմաստավորման մասին:  Վտանգ կա, որ Հայաստանը կգնա ոչ թե վրացական ճանապարհով, այլ Մերձբալթյան երկրների ճանապարհով»:

«ՆԱՏՕ-ի դուռը բաց է: Մենք դա փաստել ենք,  ցուցադրել ենք վերջին տարիների ընթացքում` Մոնտենեգրոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում: Բայց պարտադրե?լ, երբե’ք:  Դա ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություն եւ որոշում է: Քանի դեռ Հայաստանը չի դիմում անդամակցության, ինչի շուրջ ձեր որոշումը մենք մշտապես հարգում ենք, մենք պատրաստ ենք ավելի շատ անելու  որպես գործընկեր, դեռ` ոչ որպես դաշնակից»:

Այս երկու հայտարարությունները հնչել են նույն օրը` մարտի 19-ին:

Առաջին հայտարարությունն արել է ՌԴ հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կումլեւան առցանց կլոր սեղանի ժամանակ, երկրորդը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը  Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

Դժվար չէ անգամ առանց տողատակերի կարդալ, թե ինչ արժեհամակարգերով են գործում եւ ինչպես են աշխատում  իրենց  գործընկերների  հետ  Ռուսաստանում եւ ՆԱՏՕ-ի  անդամ երկրներում:  Հատկապես վերջին տարիներին` արցախյան երկրորդ պատերազմից հետո բազմիցս ենք ՌԴ-ի տարբեր պաշտոնյաների, գործիչների շուրթերից լսում Հայաստանը կորցնելու իրենց վախերի ու ֆոբիաների մասին:  Եվ, որպես այդ ամենի հետեւանք, նրանք Հայաստանում կորցնում են իրենց երբեմնի համախոհ քաղաքացիներին, որոնք նախկինում կա’մ համակրում էին ՌԴ-ին, կա’մ էլ չեզոքություն պահպանում:

Թվում էր, թե Ռուսաստանը կարող էր դասեր քաղել եւ իր երբեմնի դաշնակիցներին չկորցնելու նպատակով վերջ տալ կացնային քաղաքականությանը, սակայն ավա~ղ…

Տպավորություն կա, որ նա ինքն է ցանկանում ազատվել  դաշնակցային հարաբերությունների  կաշկանդող  բեռից` իր նկատմամբ առաջացնելով միայն բացասական ու մերժողական տրամադրություններ:

Իսկ  ՆԱՏՕ-ն չի պարտադրում, այլ միայն առաջարկում է` հիշեցնելով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անցած ճանապարհը:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում