Վերջին տարիներին տնկվել է շուրջ 30 հազար ծառ և 425 հազար թուփ․ հայտնի են ՔՊ-ի նախընտրական ծրագրի «կանաչ» խոստումները

Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ընդարձակ ծրագիր, որի բաժնիններից մեկն էլ վերաբերում է մայրաքաղաքի կանաչ տարածքներին ու այգիներին։

Ծրագիրը հետաքրքիր ֆորմատով է մատուցված՝ «ասում եք», «ինչ ենք արել» և «ինչ ենք անելու» ենթավերնագրերի ներքո ներկայացվում են քաղաքացիներին հուզող հարցադրումները, ապա՝ անցած 5 տարիների ընթացքում այդ ուղղությամբ Երևանի կառավարող ուժի կատարած ահռելի աշխատանքը, ապաև՝ ոլորտին առնչվող հետագա անելիքները։

Ահա այն անելիքները, որոնք ՔՊ-ն նախատեսում է իրականացնել Երեւանի կառավարումը վերաստանձնելու դեպքում։

«Առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանի կանաչ տարածքներն ավելացնելու ենք՝ հասնելով և անցնելով նվազագույն շեմը (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչների՝ մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է),

  • առաջիկա հինգ տարիների ընթացքում Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնելու ենք նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում,
  • առաջիկա 5 տարիների ընթացքում Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկելու ենք անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի և մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատ հատվածը,
  • վերականգնելու ենք «Փարոսի» անտառտնկարկը՝ որպես ամբողջական էկոհամակարգ,
  • Հրազդան գետի վրա տեղադրելու ենք ևս երկու աղբաորսիչ սարք, որոնց նախագծումն ընթացքի մեջ է,
  • կառուցապատումների պարագայում շինթույլտվությունների պարտադիր պայման ենք սահմանելու կանաչ տարածքների և խաղահրապարակի առկայությունը՝ սահմանված նորմերին համապատասխան,
  • առաջիկա 5 տարիների ընթացքում վերականգնելու և արդիականացնելու ենք Երևանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ։ Երկարաժամկետ հեռանկարում արդիականացնելու և հնարավորինս ավտոմատացնելու ենք ոռոգման ամբողջ ցանցը՝ այն հասցնելով շուրջ 500 կմ-ի,
  • մեկ միասնական GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգում ամփոփելու ենք Երևանի բոլոր վարչական շրջաններում առկա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերաբերյալ տվյալները։ Այսպիսով, Երևանում կունենանք ամբողջական պատկեր առկա կանաչ տարածքների, դրանց տեղադիրքի, ոռոգման համակարգի և հարակից ենթակառուցվածքների վերաբերյալ։ Բոլոր աշխատանքներն իրականացնելու ենք բարձր ճշգրտության մասնագիտական սարքավորումներով, որոնք կապահովեն տվյալների ամբողջականությունը,
  • 2023թ. մեկնարկած՝ ծառերի անձնագրավորման գործընթացը առաջիկայում հասցնելու ենք ավարտին, առաջիկա 5 տարիներին արդիականացնելու ենք ջերմոցատնկարանային տնտեսությունը՝ կառուցելով նոր ջերմատուն, արտադրական ծավալներն ավելացնելու ենք՝ հասցնելով տարեկան շուրջ 10.000 ծառի, շուրջ 1 մլն թփի ու ծաղկի։ Այդպիսով ապահովելու ենք Երևանի կանաչ տարածքներում պահանջվող բուսազանգվածի հիմնական մասը,
  • եղած կանաչ տնկարկներում առկա կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերը փոխարինելու ենք բնապահպանական առումով արժեքավոր, գեղազարդ տեսակներով,
  • ընտրելու ենք կայուն, գեղազարդ և Երևանի բուսաբանական կազմին հարիր ծառատեսակներ՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիման և բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները աղմուկի, գազերի, փոշու և այլ աղտոտիչների նկատմամբ,
  • իրականացնելու ենք բակային տարածքների բուսազանգվածի երիտասարդացում և լրացում,
  • ավելացնելու ենք կանաչ ցանկապատերը և թփերը, կիրառելու ենք ուղղաձիգ կանաչապատման մոտեցումներ»։

Իսկ թե ի՞նչ է արել 2018-ից Երեւանի կառավարումը ստանձնած քաղաքական թիմը անցած 5 տարիների ընթացքում՝ ստորև։

Մասնավորապես՝ հիմնվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որը նաև իրականացնում է վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունում, հավաք, տեսակավորում, վերամշակում, ժամանակավոր պահեստավորում, հանձնում և վերաօգտագործում: Կազմակերպությունը այս պահին ունի 20 միավոր բեռնատար տեխնիկա, 3 միավոր ջրցան մեքենա 20 միավոր բեռնաուղևորատար և 3 բազմաֆունկցիոնալ մեքենա։

Երևան քաղաքում կանաչ տարածքները վերջին շրջանում ավելացվել են շուրջ 33 հաով, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդ՝ 8.5 հա, Սարալանջ՝ 6 հա, Ավան վարչական շրջան՝ 1 հա՝ արդյունքում մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքների մինիմալ մակերեսը 7.7 քմ-ից հասցնելով 8 քմ-ի:

Կանաչապատման ոլորտում առաջնորդվելով միամյա ծաղիկները բազմամյա ծաղիկներով և ծաղկող թփերով փոխարինելու մոտեցմամբ, վերջին տարիներին իրականացվում են մեծ ծավալով թփապատման աշխատանքներ՝ վերջին տարիներին տնկվել է շուրջ 30 հազար ծառ և 425 հազար թուփ:

Իրականացվել են Երևանյան լճի ափամերձ տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ վերածելով տարածքը հանգստի գոտու: Ի շարունակություն այս ծրագրի՝ աղբի հոսքը դեպի Երևանյան լիճ կանխելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրել ենք աղբաորսիչ սարք: Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու նպատակով իրականացրել ենք նախնական ուսումնասիրություններ, իսկ տարածքի գույքագրման և քարտեզագրման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ:  Արդեն իսկ մեկնարկել են Գետառ գետի վրա կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու շինարարական աշխատանքները:

Բարեկարգվել և վերականգնվել է Նոր Արաբկիր (Մալականի) այգին, որտեղ հիմնվել են նաև նոր ծաղկանոցներ, տնկվել ծառեր և թփեր, Օղակաձև զբոսայգին, Քանաքեռ ՀԷԿի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս և Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հարակից այգիները, Սարյան և Աբովյան պուրակները, Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին:

Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կարճ ժամանակահատվածում հիմնվել են բոլորովին նոր և ժամանակակից այգիներ: Երևան քաղաքի բազմաթիվ այգիներում և պուրակներում (Օղակաձև զբոսայգի, «Մերգելյան» պուրակն ամբողջությամբ և այլն) իրականացվել են չգործող, լքյալ, հողի վարձակալության ժամկետը լրացած առևտրի և սպասարկման կրպակների ու տաղավարների ապամոնտաժման և մեկնարկել կանաչ տարածքի վերականգնման աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու բոլոր վարչական շրջաններում: Ներկայումս մեծածավալ աշխատանքներ ենք իրականացվում նաև Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցման, Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման ուղղությամբ: Իրականացվել են 5000 քմ կանաչապատ և կանաչապատման ենթակա տարածքների քարտեզագրման և գույքագրման աշխատանքներ։

Կիսվել սոց․ ցանցերում