Մի ցեղшսպшնությունից` մյուսը

« Անձը, ով մեկ ուրիշին զրկում է ազատությունից, զոհ է ատելության, նախապաշարմունքի և նեղմտության»։ Նելսոն Մանդելա *

Կյանքը հեռու չէ տարամտությունից։ Փաստը չի սպառում երևույթը։ 1915 թվականի ցեղասպանությունը բավարար չէ ցեղասպանություն կոչվելու համար։ Դիվայինները միշտ առաջ են միամիտներից, որոնք չեն էլ հասցնում շրջվել, մինչ ծանոթ սարսափն արդեն իսկ վերսկսվում է անասելի կեպով։ 1915 թվականի դեպքերից ավելի քան հարյուր տարի անց յուրաքանչյուր հայ ֆիզիկապես, ինչպես նաև պատմությամբ գիտի, որ շարունակում է մնալ իրեն հետապնդող գիշատիչների թիրախը։ Մի ցեղասպանության ավարտը երբեք չի հագեցնում ցեղասպանություն գործողների քաղցը։ Այնժամ, երբ ողջ աշխարհում պետք է նշվեն հիշատակման միջոցառումներ, չեն դադարում աճել զոհերի որդիների ու դուստրերի պահանջը իրողության ճշգրիտ ճանաչման հարցում։ Դրանով խստանում է դահիճների որդիների և դուստրերի ատելությունն, ու մթագնում է վերջիններիս խլությունը։ Ցեղասպանության փոխակերպումները փոփոխվում են տարբեր կերպերով «տեսանելիի» և թաքնվածի միջև։ Ֆիզիկական ցեղասպանությունը չպետք է քողարկի խորհրդանշական ցեղասպանությունը։ Զանգվածային ցեղասպանությունները նոր ուղիներ են գտնում առանձնացված ցեղասպանությունների հետ։ Որակական ցեղասպանությունները դասվում են քանակական ցեղասպանությունների հետ նույն շարքին, այն է՝ ունեցվածքի, կրոնական հետքի, ինչպես նաև այնպիսի կենդանի անձանց կործանումը, որոնք իրենց գործերով, մտքերով ու ազգությամբ խորհրդանշում են ողջ մի ժողովուրդ։ Լսելով, թե ինչպես է Արգենտինացի փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր և միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մոռենո Օքամպոն պնդում, որ Արցախում կատարված վերջին իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն՝ հաստատում է այն, ինչ մենք պնդում ենք, այն է՝ ցեղասպանությունը շարունակ կատարվում է՝ ընդունելով քողարկիչ տեսք, որոնք շփոթեցնում են անծանոթներին և ցեղասպանություն գործողներին ժամանակ են տալիս իրենց մտացածը վերածել գործողության։ Այս իմաստով Ռուբեն Վարդանյանի հացադուլը կոչ է բոլոր հայերին, ովքեր պատրաստվում են հիշել 1915 թվականի ցեղասպանությունը։ Ալիևի զնդանում մահանալու իր որոշմամբ նա ցույց է տալիս հայերին և իրավունքի ու ազատության հարցերով մտահոգ ազգերին, որ ցեղասպանությունն այստեղ է՝ էթնիկական ատելության զոհ դարձած իր բոլոր բանտարկյալ եղբայրների կրած նվաստացումներում, որն ընդհանրապես որևէ կապ չունի արդարության փաստի հետ։ Խոսքը գնում է ազգային խորհրդանիշը նույն կերպով բնաջնջելու մտադրության մասին, ինչպես եղավ Ջուղայի գերեզմանատան դեպքում։ Քանզի վրիժառու Ալիևի աչքերին Ռուբեն Վարդանյանը ոչ այլ ինչ է, քան խորհրդանիշ, որ անհրաժեշտ է վերածել «իր»-ի՝ անգամ խլելով նրա կյանքը օրինական կամ բնական այն միջոցներով, որոնք թույլ կտան քողարկել մարդասպանությունը։ Անկեղծ ասած Ալիևի համար Ռուբեն Վարդանյանն այն խորհրդանիշն է, որ պետք է վերացնել նույն կերպ, ինչպես Պուտինն արեց Ալեքսեյ Նավալնիի հետ։ Բոլոր բռնակալները նույն շահն են հետապնդում։ Պետք է նշել, որ եթե «1915 թվականը հիշատակողներն իրենց պարտքն են համարում հարգել մահացածների և նահատակների հիշատակը, ապա պետք է ավելի բարձր աղաղակեն այն անմեղների հարգանքի համար, որ այսօր ավելի քան երբևէ ողջ են, ավելի քան երբևէ վտանգված են։ Նրանց պարտքն է բարձրաձայնել, որ Ռուբեն Վարդանյանի դեպքով, որին ավելանում է բոլոր բանտարկյալների՝ Արցախի քաղաքական անձանց կամ հասարակ քաղաքացիների դեպքը, հենց ցեղասպանությունն է ուրվագծվում այն պարզ պատճառով, որ վերջիններս հայ են։ Ուրեմն անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի և այլուր յուրաքանչյուր քաղաքում հիշատակումները նշեն Ռուբեն Վարդանյանի անունը՝ ասելու, որ նրա դեպքը պատկանում է Հայաստանի և Սփյուռքի յուրաքանչյուր հային։ Առանց դրա այս հիշատակումները կլինեն լոկ ևս մի հաճոյություն ողբերգական անցյալի նկատմամբ, ոչ թե ավելի վստահելի և ավելի առողջ աշխարհի համար պայքար։ Դընի Դոնիկյան Թարգմանությունը Տաթևիկ Թանգյանի

Կիսվել սոց․ ցանցերում