Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ասել է, որ երկրում նոր «մայդան» տեղի չի ունենա։
«Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վրաստանում ոչ ոք չի հասնի մայդանին»,- լրագրողներին ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունների համար ամենակարեւորը անկախության մտահոգությունն է։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած փողոցային բողոքի ցույցերին։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին վետո դրեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հայտարարում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին՝ կապված «Օտարերկրյա գործակալների ակտի» հետ և նոր քաղաքականություն է ներմուծում՝ մուտքի արտոնագրերի սահմանափակումներ մտցնելու համար։ Վրաստանի իշխող կուսակցությունը ԱՄՆ-ի որոշումը անվանել է զավեշտական և աննախադեպ և նշել, որ շանտաժի սպառնալիքների քաղաքականությունը չի համապատասխանում ռազմավարական գործընկերության ոգուն։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը յոթ ժամ տեւած քննարկումից հետո հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա և ընդունեց այն իր սկզբնական տարբերակով։ Կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ չորսը։
Չնայած շուրջ մեկուկես ամիս Թբիլիսիում և Վրաստանի խոշոր քաղաքներում շարունակվող փողոցային բողոքի ցույցերին, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքներին, խորհրդարանը, այնուամենայնիվ, ընդունեց այս օրենքը։ Այժմ այն ստորագրության է ուղարկվել նախագահ Զուրաբիշվիլիին, նա ստորագրելու համար հինգօրյա ժամկետ ունի։ Եթե նա չստորագրի, օրենքը կստորագրի և կհրապարակի խորհրդարանի նախագահը։
Օրենքի հրապարակումից հետո Վրաստանի արդարադատության նախարարությունը և հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը պետք է 60 օրվա ընթացքում ստեղծեն «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպությունների» ռեեստր։ Ռեեստրի գործարկումից հետո նրանում գրանցումը պարտադիր է դառնում բոլոր այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների համար, որոնք իրենց եկամտի 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա պետությունից։
