Ալ իևի ռпւս- թпւրքшկան «մարշը»

Իլհամ Ալիևի երեկվա մենախոսության թերևս ամենաուշագրավ միտքն այն էր, որ Ադրբեջանը «հաղթել է ոչ միայն Հայաստանին, այլև նրա թիկունքում կանգած ուժերին»: Քարոզչական այն թեզը, որ առաջին պատերազմում ,,ոչ թե հայերն են հաղթել, այլ նրանց հովանավորները,, կաղապարվել է դեռևս Հեյդար Ալիևի օրոք: Բայց նաև նա է թուրք-ադրբեջանական դաշինքը բնութագրել «մեկ ազգ՝ երկու պետություն»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են «Շուշիի հռչակագիր» և ոչ ոքի հիշողությունից չի ջնջվել տեսարանը, երբ Ալիևը Շուշիի բարձունքից Էրդողանին ցույց էր տալիս Ստեփանակերտը: Դա խորհրդանշական պատկեր էր և ազդակ, որ  «կմտնենք նաև Ստեփանակերտ»:

Նոյեմբերի 9-ից հետո Էրդողանը ոչ մի առիթ բաց չի թողել՝ հայտարարելու, որ Ադրբեջանը «իր գրավյալ տարածքներն ազատագրել է Թուրքիայի օգնությամբ» և հանկարծ Իլհամ Ալիևը հանդգնում է խոսել, որ «բացառապես ադրբեջանական ժողովրդի հերոսության» և, իհարկե, իր «պատմական երդման» ու Հեյդար Ալիևի «կտակի շնորհիվ» է, որ ինքը 2023թ. հոկտեմբերի 15-ին, Ադրբեջանի նախագահի պաշտոնում «ընտրվելու» 20-րդ տարեդարձի օրը կանգնած է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: Թուրքիայի, թուրքական աշխարհի, համաթուրքականության ռազմական, քաղաքական, դիվանագիտական, քարոզչական աջակցության մասին՝ ոչ մի խոսք:

Իլհամ Ալիևը Ստեփանակերտ է հասել Բիշքեկի ճանապարհով: Չհնչեր Ռուսաստանի նախագահի շուրթերից «Ղարաբաղի հարցը փակված է» միտքը, նա ոչ միայն Արցախի մայրաքաղաք, այլև բռնազավթված Մարտակերտ և Ասկերան չէր հասնի: Մանավանդ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի զորակայանի տարածքում՝ Իվանյան ավանում չէր բարձրացնի Ադրբեջանի դրոշը: Ալիևը կամ պետք է հրապարակայնացներ ռուս-թուրքական դաշնակցությունը, կամ ամեն ինչ վերագրեր իրեն: Ընտրվել է երկրորդ՝ միջազգային ընկալման համար խարդախամիտ, բայց ներքին լսարանին ականջահաճո տարբերակը:

Իսկ Մոսկվան և Անկարան վերցրին ու հիմնովին փչացրին նրա էյֆորիան. Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը ոչ պակաս ջանասիրությամբ, քան ադրբեջանական քարոզչամիջոցները, ներկայացրել է Ալիևի արցախյան շրջայցը, իսկ Բաքվում Թուրքիայի դեսպանը՝ հայտարարել, որ Ստեփանակերտում «բարձրացված ադրբեջանական դրոշը այլևս երբեք չի խոնարհվի»: Պարզ ակնարկ, որ այդ դրոշը բարձրացրել է Թուրքիան՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ: Փորձենք վերականգնել իրադարձությունները. սեպտեմբերի 1-ին, երբ հայտնի էր Պուտին-Էրդողան հանդիպման օրը, հայտնի ութնյակի ճնշման տակ հրաժարական տվեց Արցախի ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանը: Մեկ շաբաթ անց, քաջ իմանալով, որ դրան հետևելու է Բաքվի նախահարձակումը, Արցախի խորհրդարանն, այնուամենայնիվ, 22 պատգամավորի մասնակցությամբ արտահերթ նիստ գումարեց և նոր նախագահ ընտրեց:

Ութօրյա ժամանակահատվածի ճիշտ միջակայքում՝ սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացել էին Պուտին-Էրդողան բանակցություններ: Խորքային քննարկումների շուրջ կողմերը որևէ էական տեղեկատվություն չտարածեցին, բացառությամբ թուրքական մամուլի մի վերլուծության, որ կառուցված էր ,,Լենին-Աթաթուրք պայմանավորվածություններն իրենց սպառել են, Թուրքիան և Ռուսաստանը  նոր, աշխարհաքաղաքական նշանակության պայմանագրի կնքման կարիք ունեն,,: Կֆորմալացվի՞ Պուտին-Էրդողան նոր գործարքը: Թուրքիան կրկին հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի խորհրդարանական վավերացումը: Այս անգամ արդեն բաց տեքստով ասվում է, որ Անկարան սպասում է F-16 կործանիչներ գնելու ամերիկյան համաձայնությանը:

Ի՞նչ կձեռնարկի Վլադիմիր Պուտինը, եթե Վաշինգտոնն ընդառաջի և թուրք-ամերիկյան համաձայնություն կայանա ոչ միայն կործանիչների առուվաճառքի, այլև Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նոր ստատուս-քվոյի շուրջ: Կփոխվի՞ Ալիևի ռուս- թուրքական «մարշը»:

Կիսվել սոց․ ցանցերում