Բ ՕՐԵՆՔ 28: 15 Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։ 16 Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։ 17 Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը, 18 անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։ 19 Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։ 20 Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։ 21 Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։ 22 Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։ 23 Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։ 24 Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։ 25 Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։ 26 Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։ 27 Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։ 28 Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։ 29 Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։ 30 Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։ 31 Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։ 32 Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։ 33 Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։ 34 Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։ 35 Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։ 36 Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։ 37 Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։ 38 Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։ 39 Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի և խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։ 40 Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։ 41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։ 42 Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։ 43 Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։ 44 Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։ 45 Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։ 46 Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։ 47 Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, 48 դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 49 Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա, 50 մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։ 51 Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 52 Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ 53 Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։ 54 Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, 55 որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ ուտելու ոչ մի բան չի մնալու նրան։
Օրվա խոսք
