Օրվա խոսք․Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ու՞մից պիտի վախենամ

Սաղմոս 27:1

Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ու՞մից պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ու՞մից պիտի սարսափեմ։ Հավատքը միայն ծիծաղը չէ, հավատքը նաև արցունք ու ցավ է։ Բայց պետք է ուժեղ լինել…մեր հաղթանակը վերևից է։ Մենք տեսնում ենք, որ Աստծո կամոք Հովսեփը կանչված էր լինելու առաջնորդ։ Պատմությունը արդեն բոլորիս հայտնի է, թե ինչ հանգամանքների բերումով, և թե ինչ ճանապարհներով անցավ Հովսեփը, երբ ի վերջո իրականացավ Աստծո ծրագիրը նրա կյանքում։

Ծննդոց 41։52-ում մենք տեսնում ենք հետևյալ պատկերը. Հովսեփը իր երկրորդ Որդու անունը Եփրեմ դրեց. 《Որովհետև ասաց, — Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում》։ Ահա այս համարը մեզ համար շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ այն բոլոր նեղությունները, տառապանքը, ցավը, վիշտը, փորձությունները նրա համար չէին, որ կոտրեին նրան, այլ որպեսզի պատրաստեին նրան գալիք բաների համար։ Այս ամեն ընթացքների մեջ, (սկզբում գերություն, ստրկություն, հետո` բանտ, ի վերջո Եգիպտոսի կառավարիչ) Հովսեփը գլխավորապես սովորեց սպասել և վստահել Աստծուն։ Սպասելը շատ կարևոր է։ Երկարատև փորձություններից հետո, Հովսեփը մի շատ կարևոր բան ևս հասկացավ. դա այն է, որ իր կյանքում տեղի ունեցածը ի վերջո  իր ժողովրդի բարօրության համար էր։  Այն փաստը, որ նա այդքան երկար ու ձիգ տարիներ բաժանված մնաց իր ընտանիքից, դավաճանված լինելով իր իսկ սեփական եղբայրների կողմից, չխանգարեց նրան, որ ողորմություն ցուցաբերի նրանց հանդեպ։ Եվ նրանում այս ողորմությունը, ներողամտությունը, կարեկցանքը կար այն պատճառով, որ նա միշտ կառչած էր իր Աստծուց, և հասկացել էր Աստծո ծրագիրը։ Սիրելինե’ր,  եկեք ծրագրեր չկազմենք մեր կյանքի հանար, այլ սպասենք,  որ տեսնենք այն ծրագրերը, որոնք հենց Աստված պատրաստել է մեզ համար։ Եղե’ք օրհնված:

Կիսվել սոց․ ցանցերում