Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրության օրը բավականին «խորհրդավոր» միջադեպ է տեղի ունեցել Մերձդնեստրի զորամասերից մեկում: Անօդաչուն խոցել է զորամասի տարածքում կայանված ուղղաթիռը: Տուժողներ չկան, սակայն հանգամանքը բավականին ուշագրավ է: Ռուսական աղբյուրները տարածել են նաեւ խոցման տեսանյութը, իսկ մոլդովական կողմը հայտարարել է, որ ուկրաինական կողմի հետ հաղորդակցության արդյունքում հերքում է, թե ուկրաինական անօդաչուն հարվածել է ուղղաթիռին: Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել, ռուսական «բեմադրությու՞ն»: Բայց, ի՞նչ նպատակով: Իհարկե, հազիվ թե ուկրաինացիները անմիջապես խոստովանեին, թե ուկրաինական անօդաչուն խոցել է ռազմական ուղղաթիռը Մերձդնեստրում, բայց որեւէ կերպ բացառելի չէ թերեւս ոչ մի տարբերակ, ընդհուպ՝ «երրորդ ձեռքի» տարբերակը:
Ի վերջո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական օդանավը, թե Անկարան, թե Մոսկվան «ճանաչում» էին «երրորդ ձեռքի» վարկածը, իհարկե անկախ այն հանգամանքից՝ իրապես հավատու՞մ էին դրան, թե՞ ոչ: Պարզապես, ցանկացած լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում «ձեռքերը» անկասկած լինում են շատ, եւ դա առավել եւս այդպես է, եթե խոսքը վերաբերում է ուկկրաինական պատերազմին: Անկասկած է մի բան, որ ՌԴ նախագահի ընտրության օրը, թերեւս ոչ պատահական «զուգահեռով», ինչ որ մեկը ձեռքը տարել է Մերձդնեստրին: Եվ դա գուցե ինքնին չլիներ այդքան ուշագրավ, եթե ակնառու չլիներ եւ այն, որ Մերձդնեստրի, նաեւ Մոլդովայում մյուս ինքնավարության՝ Գագուզայի շուրջ իրադարձությունները զարգանում են այսպես ասած աճող լարվածության զգալի հավանականության միտումով:
Եվ, եթե մինչ այդ տեղի էին ունենում քաղաքական «սադրանքներ»՝ Մերձդնեստրի խորհրդարանն օգնության համար դիմում էր Պուտինին, Գագաուզիայի ղեկավարը անմիջականորեն հանդիպում էր Պուտինին Ռուսաստանում եւ խնդրում օգնություն Մոլդովայի ճնշումների դեմ, Ֆրանսիայի նախագահն էր Փարիզում ընդունում Մոլդովայի նախագահին եւ նրա հետ ստորագրել անվտանգության համաձայնագիր: Զուգահեռ, Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով հայտարարում է Օդեսայում ֆրանսիական զինուժի տեղակայում չբացառելու մասին, իսկ Օդեսսան դեպի Մերձդնեստր ցամաքային ճանապարհին է:
Եվ ահա, ՌԴ նախագահի ընտրության օրը Մերձդնեստրում տեղի է ունենում անօդաչուի միջադեպը, իսկ ընտրության օրվա ավարտին ելույթում Պուտինը հայտարարում է, թե իրենք ունեն շատ մեծ պլաններ: Իհարկե պարզ չէ, Մերձդնեստրը այդ պլաններում ո՞ր տեղում է, բայց, որ այն կա, վեր է կասկածից, քանի որ սեւծովյան ավազանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի հարցը աշխարհակարգային դիմակայության առանցքային հարցերից է, որի ակնառու վկայություններից մեկն է այն, որ ՆԱՏՕ-ն ռումինական ծովափին կառուցում է Եվրոպայում ամենամեծ ռազմակայանը՝ 10-հազարանոց զորախմբի համար:
