70-ամյա ֆրանսիացի գործարարը հաջողությամբ շարունակել է իր պապի հիմնադրած բիզնեսը և ճանաչվել մոլորակի ամենահարուստ կինը։
Խոսքը ֆրանսիական L՛Oreal կոսմետիկ ընկերության հիմնադրի թոռնուհու՝ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսի մասին է:
Նա դարձել է աշխարհում առաջին կինը, ում կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։
Բետանկուր-Մայերսը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 12-րդ տեղը, տարեսկզբից նրա կարողությունն աճել է 28,6 միլիարդ դոլարով։ Կարողության զգալի մասը կապված է L՛Oreal-ում ունեցած իր մասնաբաժնի հետ: Մայերսի կարողության աճին նպաստել են նաև բաժնետոմսերի ռեկորդային բարձր գները:
Ձեռնարկության արժեքը գնահատվում է 268 միլիարդ դոլար։ Ժառանգորդուհին զբաղեցնում է ընկերության փոխնախագահի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տիրապետում է բաժնետոմսերի 35 տոկոսին։ Վերջին երեք տարիների ընթացքում Forbes ամսագիրը նրան երեք անգամ ճանաչել է որպես աշխարհի ամենահարուստ կին։
Բետանկուր-Մայերսը L՛Oreal-ի տնօրենների խորհրդի անդամ է 1997 թվականից։ Նա մազերի ներկերի գյուտարար և ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի միակ թոռնուհին է և Լիլիան Բետանկուրի միակ դուստրը:
Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով «Լուի Վիտոն»-ի հիմնադիր Բեռնար Առնոյին (179 միլիարդ դոլար):
